Հարգելի ընթերցող
Սիրով Ձեզ ենք ներկայացնում Միության և ցեղասպանության հարյուրամյակի հետ կապված վերջին կարևոր նորությունները:
Շնորհակալ ենք համայնքից միության ղեկավար խորհրդի ընտրություններին ակտիվ մասնակցության և ցուցաբերած աջակցության համար: Ղեկավար խորհրդի անդամներ են ընտրվել` Լիանա Հարությունյանը, Հայկուհի Օլսենը, Էրիկ Գրիգորյանը, Մարտին Դավիթյանը և Մարյամ Մաթևոսյանը: Խորհուրդի առաջին նիստի ժամանակ խորհրդի նախագահ ընտրվեց Էրիկ Գրիգորյանըս և Լիանա Հարությունյանը` որպես փոխնախագահ:
Նախորդ խորհրդի աջակցությամբ մենք ակտիվորեն աշխատում ենք ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների և միությանը վերաբերող ամենօրյա հարցերի շուրջ: Անընդհատ թարմացվում է միության կայքը, միության ֆեյսբուքյան էջը` https://www.facebook.com/ArmenianCulturalAssociationInNorway և վերջերս նաև բացվեց առանձին Ֆեյսբուքյան էջ` Նորվեգիայում ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների մասին տեղեկությունների համար այս հասցեով` www.facebook.com/folkemord1915:
Ուրախ ենք տեղեկացնել, որ ցեղասպանության հարյուրամյակին նվիրված մեծ թվով միջոցառումներ են կազմակերպվել նորվեգական կազմակերպությունների կողմից:
Ցեղասպանության հարյուրամյակի և Մշակութային միության և Եկեղեցական համայնքի համատեղ միջոցառումների մասին տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ:
Միության խորհուրդը այս տարվա անդամավճարը սահմանել է 100NOK (ուսանողների համար` 50NOK), անչափահասների համար` անվճար: Վճարելով անդամավճար` դուք ունենում եք ընտրություններին մասնակցելու, ընտրություններին թեկնածուադրվելու և ձայնի իրավունք: Ինչպես նաև որոշ միջոցառումներին անվճար կամ նվազեցված մուտքի գումարով մասնակցելու հնարավորություն: Իսկ ամենակարևորը` դրանով դուք ցուցաբերում եք աջակցություն Միության գործունեությանը և նախաձեռնություններին:
Անդամավճարի վերջնաժամկետ է ընտրվել մարտի 15-ը: Կոչ ենք անում հնարավորության դեպքում անդամավճարները ուղարկել հնարավորինս շուտ, որպեսզի Միությունը կարողանա այդ գումարները օգտագործել Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների կազմակերպման համար:
Անդամավճարները կարող եք ուղարկել Միության բանկային հաշվեհամարին` 6219.06.51997: Խնդրում ենք նշել ուղարկողի անուն ազգանունը և էլեկտրոնային փոստի հասցեն, որպեսզի այդ ինֆորմացիան մուտքագրվի անդամների ցուցակի մեջ և բոլոր անդամները ստանան համապատասխան տեղեկատվություն` միության գործունեության մասին:
Հիշեցնենք, որ Միությունը ունի նվիրատվությունների արկղ (Gavekasse), և ցանկացողները կարող են նվիրատվություն անել: Նվիրտվությունները ևս կօգտագործվեն Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների կազմակերպման համար:
Ուրախությամբ նաև տեղեկացնում ենք, որ Միությունը որոշել է յուրաքանչյուր տարի հատուկ շնորհակալություն հայտնել միությանը տարիներ շարուկ աջակցած և նվիրատվություններ կատարած անդամներից որևէ մեկին: Այս տարի Միության ղեկավարությունը որոշել է Կայծակ Դեմիրճյանին (Gaizag Demirdjian) պարգևել միության բարեկամի և պատվավոր անդամի կոչում և ազատել նրան այս տարվա անդամավճարից:
Տեղեկացնում ենք, որ Միությունը ցանկանում է ստեղծել հայկական բիզնեսների և ծառայություններ մատուցողների ցուցակ (gulesider) և տեղադրել իր կայքում, այդպիսով անվճար գովազդելով մեր հայրենակիցների ծառայությունները:
Եթե Դուք (կամ Ձեր ծանոթ հայրենակիցները, որ բնակվում են Նորվեգիայում) ցանկանում եք, որ Ձեր բիզնեսը կամ ծառայությունները (օրինակ ֆոտոծառայություններ, վարսավիրական ծառայություն, շինարարություն, փայտամշակում և այլն) ներկայացվեն մեր էջում, խնդրում ենք մեզ գրել info@armena.no հասցեով:
Անկախության օրը Կրագերո քաղաքում
Սիրելի բարեկամներ և հայրենակիցներ,
Դանիայում և Նորվեգիայում Հայաստանի դեսպանությունը, համագործակցությամբ Կրագերո քաղաքումի քաղաքապետարանի, կազմակերպում է Հայաստանի Հանրապետության Անկախության 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Կրագերոյում (Նորվեգիա):
Բոլոր նրանց, ովքեր Նորվեգիայում են կամ` ինչու չէ, այլուր, սիրով հրավիրում ենք մասնակցելու միջոցառմանը և մեզ հետ կիսելու մեր ուրախությունը:
22.04.2012
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 97-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆՈՐՎԵԳԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ՈԳԵԿՈՉՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ Նորվեգիայում այս տարի երեք ոգեկոչման միջոցառում է նախատեսվում:
Ավանդույթի համաձայն Օսլոյի և շրջակա բնակավայրերի հայերը ապրիլի 24-ին կհավաքվեն Ֆրիտյոֆ Նանսենի նախկին առանձնատան տարածքում, որն այժմ զբաղեցնում է Ֆրիտյոֆ Նանսենի անվան ինստիտուտը: Հենց այդ տան բակում է գտնվում մեծ մարդասերի ու հայ ազգի անձնուրաց բարեկամ Նանսենի գերեզմանը, որն էլ դարձել է տեղի հայերի համար յուրովի սրբավայր և ցեղասպանության հիշատակի հուշահամալիր:
Նույն օրը Նորվեգիայի մեծությամբ երկրորդ քաղաք Բերգենում տեղի հայերը կհավաքվեն ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ:
Ավելի վաղ՝ ապրիլի 22-ին, Վեգորշայ (Vegårshei) համայնքի հայերի նախաձեռնությամբ և Նորվեգիայում Հայկական մշակութային միության աջակցությամբ, Վեգորշայ համայնքի եկեղեցում կկատարվի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մշակութային միջոցառում և կմատուցվի հոգեհանգստի պատարագ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու քահանայի կողմից՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի կարգադրությամբ և օրհնությամբ: Միջոցառմանը կմասնակցեն տեղի և Օսլոյի հայերը, տեղական ինքնակառավարման մարմինների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Ելույթով հանդես կգա նաև Կրագերո (Kragerø) համայնքի ղեկավարը: Կրագերոն Նորվեգիայի առաջին համայնքն է, որը պաշտոնապես ճանաչել է հայերի ցեղասպանությունը:
Հենց Կրագերոյում է բնակվել նորվեգացի միսիոներ և հայ ազգի բարեկամ, ցեղասպանության ականատես և բազում որբացած հայերի խնամակալ Բոդիլ Բյորնը, ում նվիրված հուշարձանը տեղադրված է Կրագերոյում: Կրագերոյի և Վեգորշայի քաղաքապետերի հորդորով և Նորվեգիայի հայերի կոչ-դիմումի հիման վրա՝ Վեգորշայի համայնքային խորհուրդը հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկման կդնի հայերիս համար շատ խորհրդանշական օրը` ապրիլի 24-ին:
Ավագանու անդամների դրական քվեարկության դեպքում՝ Վեգորշայը կլինի Նորվեգիայի երկրորդ համայնքը, որ ճանաչել է ցեղասպանությունը: Այս փաստը դրական ազդակ կհանդիսանա այլ համայնքների, քաղաքների և, միգուցե նաև, երկրի խորհրդարանի մակարդակով հայերի ցեղասպանության ճանաչման հարցի արծարծման համար:
Էրիկ Գրիգորյան
Օսլո, Նորվեգիա
21-ը ապրիլի 2012թ.
14.07.2011.
Հայկական ՄԻԿԱ-ն կհանդիպի նորվեգական Վոլերենգային UEFA-ի որակավորման երկրորդ ռաունդում
Հայկական ՄԻԿԱ ֆուտբոլային ակումբը կհանդիպի նորվեգական Վոլերենգային UEFA-ի որակավորման երկրորդ ռաունդում: Առաջին հանդիպումը կկայան ս.թ. հուլիսի 14-ին 19:00 Օսլոյի Ուլլեվոլ (Ullevål) մարզադաշտում.
Հայկական Մշակութային Միությունը կոչ է անում բոլորին գնալ այդ խաղին և աջակցել հայկական թիմին: Մանրամասների և մասնակցությունը հաստատելու համար այցելեք Ֆեյսբուքի այս էջը`
_________________________________________________________________________________________
29.05.2011
Նորվեգիայի հայ համայնքը նշել է Առաջին Հանրապետության օրը
Հանրապետության օրվան նվիրված միջոցառում եւ պատարագ Նորվեգիայում
Նորվեգիայում Հայկական Մշակութային Միության նախաձեռնությամբ Օսլոյի եւ հարակից շրջանների հայերը հավաքվել էին Ասկեր քաղաքի եկեղեցում` մասնակցելու Հանրապետության օրվան նվիրված տոնախմբությանը եւ պատարագին:
Միջոցառումը բացվեց oրվա խորհրդին նվիրված խոսքերով, որից հետո սուրբ եւ անմահ պատարագ մատուցեց Արժ. Տեր Սարգիս քահանա Մելքոնեանը: Պատարագի վերջում Տեր Սարգիսը նաեւ կատարեց առաջին հանրապետության եւ Հայաստանի ազատության համար մղված մարտերում զոհվածների հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողություն` ավարտելով այն քարոզով: Այնուհետեւ Հայկական Մշակութային Միության խորհուրդը եւ կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի, վաստակավոր մանկավարժ տիկին Աշխեն Մովսիսյանը հանդիսավոր կերպով հավաստագրեր հանձնեցին հայկական կիրակնօրյա դասընթացներն ավարտած երեխաներին, որին հաջորդեց ընթրիքը:
Օրվա միջոցառումների ավարտին Տեր Սարգսի կողմից հրավիրվեց
Նորվեգիայում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմնադրման եւ կազմակերպման նախապատրաստական խորհրդակցական ժողով։ Քննարկվեցին եկեղեցու գրանցման, հիմադրման եւ ծխական համայնքի ստեղծման ու անդամության հարցեր, ընտրվեցին կամավորներ` եկեղեցու հետագա ծրագրերի իրականացման
համար:
Հայր Սարգիսը Նորվեգիայում է գտնվում պաշտոնական այցով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ եւ Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Հայկազուն Ծայրագույն վարդապետ Նաճարեանի հրահանգով` Նորվեգիայում, Դանիայում եւ Ֆինլադիայում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտոնական գրանցման, ինչպես նաեւ ծխական համայնքեր ստեղծելու առաքելության շրջանակներում: Այցի ընթացքում Հայր Սարգիսը հանդիպումներ կունենա նաեւ Նորվեգիայի իշխանությունների և քրիստոնեական խորհրդի ներկայացուցիչների հետ հիմնադրման հարցեր քննարկելու, ինչպես նաեւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Նորվեգիայի քրիստոնյա համայնքների միջեւ էկումենիկ հարաբերությունների
ստեղծման նպատակով:
Էրիկ Գրիգորյան
30 մայիս, 2011 թ
________________________________________________________
24.04.2011
Նորվեգիայի հայերը ոգեկոչել են Ցեղասպանության զոհերի հիշատակը և նշել Սբ. Զատիկը
Copyright © 2015 Armenian Cultural Association in Norway. All Rights Reserved.
info@armenia.no www.facebook.com/ArmenianCulturalAssociationInNorway
www.Armenia.no www.facebook.com/folkemord1915